Մատչելիության հղումներ

Կառավարությունն ու Կարապետյանները տարբեր կերպ են մեկնաբանում արբիտրի նոր որոշումը

Լրացված

Կառավարությունն այսօր հայտնեց, թե արտակարգ արբիտրը մերժել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժնետերերի նոր պահանջները, մասնավորապես, ըստ գործադիրի, արբիտրը որոշել է, որ այս նոր պահանջները իր լիազորությունների ներքո չեն:

Այս որոշմանը դեռ հնարավոր չէ ծանոթանալ, կառավարությունն այն չի հրապարակել:

Ավելի ուշ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն տարածեց՝ նշելով՝ Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը:

«Հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման», - նշված է հաղորդագրությունում։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ Կարապետյանները պահանջել էին, որ արբիտրը հայտարարի, որ Հայաստանն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու ավելի վաղ ընդունված արբիտրաժային վճիռը, պարտավորեցնի Հայաստանին տեղեկացնել արբիտրին և Հայցվորներին արբիտրաժային վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին, ինչպես նաև հաստատի արբիտրի սահմանած ժամկետներում ժամանակավոր միջոցների կատարումը:

Հուլիսին միջազգային արբիտրը որոշել էր, որ Հայաստանի կառավարությունը պետք է զերծ մնա ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված քայլերից, որոնցից մեկն էլ ընկերությունում ժամանակավոր կառավարչի նշանակումն էր: Մինչդեռ արդարադատության նախարարը չէր բացառել, որ Հայաստանը չի կատարի այդ որոշումը: Արբիտրը նաև որոշել էր, որ կառավարությունը զերծ մնա ՀԷՑ-ի կառավարիչներին փոխելուց: Ժամանակավոր կառավարիչ, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը մինչդեռ շարունակում է կադրային փոփոխությունները: Օրերս ՀԷՑ-ի երկու խոշոր մասնաճյուղերում կառավարիչ նշանակեց սեփական կուսակիցներին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG