Ռուբիոն և Բարոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արխիվ

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Ի թիվս այլ թեմաների՝ քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման հարցը: Պաշտոնական Վաշինգտոնի հաղորդագրությունում, սակայն, քննարկումից մանրամասներ չկան:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նախագահ Թրամփն այս ուրբաթ Վաշինգտոնում ընդունելու է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին: Հայաստանի կառավարությունը ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունը:

Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Բարոն, ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության, նաև քննարկել են Գազայում մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը, ինչպես նաև Սուդանում շարունակվող հակամարտությունը:

Մարկո Ռուբիոն և Ժան-Նոել Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք: