Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին քաղաքական և զինվորական ղեկավարների դատավարությունը։
APA գործակալության փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվել են Մինգեչաուրի մի շարք բնակիչներ։ Նրանք պնդել են, թե տուժել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմից իրականացված հրթիռակոծությունների հետևանքով։
Քաղաքի բնակիչներից մեկը պնդել է, որ 2020-ի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով լրջորեն վնասվել է իր երկհարկանի տունը։ Վկայի պնդմամբ՝ հայկական զորքերը Մինգեչաուրի ուղղությամբ համազարկային կրակի «Սմերչ» համակարգ են կիրառել։
Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավարությունները փաստացի բաց չեն. դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն, ադրբեջանական հիմնականում պետական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։