«Համաս»-ը «պատրաստ է թույլ տալ մարդասիրական օգնություն պատանդներին», եթե Իսրայելը որոշ պայմաններ կատարի

Գազայի հատված, արխիվ

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ Գազայում պահվող պատանդներին մարդասիրական օգնություն հասցնելու հարցում, եթե Իսրայելը բավարարի որոշ պայմաններ։

Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ «Համաս»-ի տեսանյութում ցուցադրված՝ ծայրահեղ թույլ ու սակավաշարժ իսրայելցի պատանդի պատկերները կոշտ քննադատության արժանացան արևմտյան երկրների կողմից։

Ծայրահեղական «Համաս»-ը մանրամասնել է, որ Կարմիր խաչի հետ ցանկացած համակարգում հնարավոր կլինի, եթե Իսրայելը մշտապես բաց պահի մարդասիրական միջանցքները և դադարեցնի օդային հարվածները օգնության բաշխման ընթացքում։

Իսրայելական պաշտոնյաների համաձայն՝ Գազայում ներկայումս մնում է 50 պատանդ, որոնցից միայն 20-ի կենդանի լինելու հավանականությունն է դիտարկվում։

Շաբաթ օրը «Համաս»-ը երկու օրվա ընթացքում երկրորդ տեսանյութն է հրապարակել իսրայելցի պատանդ Էվյատար Դավիդից։ Տեսանյութում Դավիդը ծայրահեղ նիհար վիճակում է, փորում է մի փոս, որը, ըստ նրա խոսքերի, իրեն է պատկանում՝ իր գերեզմանի համար։

Տեսանյութը վրդովմունք է առաջացրել Արևմուտքում և սարսափ Իսրայելի հասարակության մոտ: Իսրայելի արտգործնախարարությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի առավոտյան հատուկ նիստ կանցկացնի՝ Գազայում պատանդների հարցով։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ Կարմիր խաչի հետ քննարկել է պատանդներին մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ Շվեյցարիայում տեղակայված ԿԽՄԿ-ի տեղական ներկայացուցչության ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելում սրվում է բողոքի ալիքը՝ պատանդներին արձակելու համար